Երանուհի Մելիքյանը՝ «Միսս Երկիր» մրցույթում իրեն հաջողություն բերած Արցախի տարազի, պատերազմից վերադարձած եղբոր գոտեպնդման ու աշխարհին ուղղված իր հաղորդագրության մասին

«Միսս Երկիր 2020» գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացրած Երանուհի Մելիքյանը, թեեւ չի հաղթել մրցույթի եզրափակչում, բայց գրանցել է իր համար ավելի կարեւոր հաղթանակ: Մրցույթի «Տարազ» փուլում 28-ամյա հայուհին ցուցադրել է «Տերյան» մշակութային կենտրոնի Արցախյան տարազը՝ դառնալով տվյալ փուլի երրորդ մրցանակակիրը:

«Միսս Երկիր» մրցույթն այս տարի կայացել է սեպտեմբերի 21-ից նոյեմբերի 29-ը: 89 երկրների ներկայացուցիչներից մրցույթի հաղթող է ճանաչվել ԱՄՆ-ի մասնակիցը: Կորոնավիրուսով պայմանավորված՝ այս տարի «Միսս Երկիրն» անցկացվել է օնլայն տարբերակով:

NEWS.am STYLE-ը զրույցել է Երանուհու հետ՝ պատերազմական դրության ընթացքում մրցույթում իր մասնակցության, հույզերի ու դժվարությունների մասին: Մասնագիտությամբ ատամնաբույժ հայ գեղեցկուհին խոստովանում է՝ սկզբում որոշել էր չեղարկել իր մասնակցությունը, բայց հետագայում մտածել է օգտագործել միջագային հարթակը՝ Արցախում տեղի ունեցող պատերազմի մասին խոսելու համար:

 

«Մրցույթի կազմակերպիչների հետ իմ մասնակցության պայմանագիրը կնքել էինք մինչ Արցախում պատերազմի մեկնարկը: Շատ ուրախ էինք մինչ այդ ու ոգեւորված, քանի որ, ի վերջո, դա երազանքի մրցույթ էր՝ «Միսս Երկիրը» աշխարհի 4 լավագույն մրցույթների շարքին է դասվում: Բայց երբ պատերազմը սկսվեց, բնականաբար, էմոցիաներս էլ փոխվեցին… Չնայած արդեն ունեինք մրցույթի կազմակերպիչների հետ կնքած պայմանագիր՝ սկսեցինք տատանվել՝ արժե՞ մասնակցել դրան, թե՞ ոչ, բայց հետո հասկացանք, որ կարող ենք այդ հարթակն օգտագործել, որպեսզի մասնակից 89 երկրների ներկայացուցիչներին ու նրանց հետեւորդներին տեղեկացնենք այն իրավիճակի մասին, որը տիրում էր Հայաստանում եւ Արցախում, մանավանդ, որ շատ երկրներում անգամ տեղյակ չէին, որ նման պատերազմ գոյություն ուներ: Նկարեցինք տեսաբացիկը, որտեղ էլ խոսեցինք այդ մասին: Շատ զգույշ ենք եղել, քանի որ մրցույթն ունի էկոլոգիական ուղղվածություն, եւ քաղաքական բնույթի հարցերի բարձրացում չի նախատեսում: Մտավախություն ունեինք, որ մեզ թույլ չեն տա բարձրաձայնել այդ խնդիրը, փորձել ենք հնարավորինս զգույշ լինել:

Ես ամեն ուղիղ եթերի եւ տեսանկարահանման ժամանակ փորձում էի շոշափել այդ հարցը, ու արդյունքը եղավ այն, որ շատերն իրենք սկսեցին ինձ հարցեր ուղղել պատերազմի վերաբերյալ: Շատերն էլ ցանկություն են հայտնել Հայաստան համահայկական հիմնադրամին գումար փոխանցելու, բայց ցավոք՝ շատ երկրներից հնարավոր չի եղել դա անել»,-նշում է Երանուհին:

About admin

Check Also

Ein in der Hitze zurückgelassenes Kätzchen hatte kaum eine Chance, aber es gab freundliche Menschen in seiner Nähe

Vor zwei Monaten, an einem heißen Sommertag, sah ein New Yorker ein winziges Kätzchen auf …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *